Մինչ բունդեսլիգայի ներկայացուցիչները վայելում են ձմեռային արձակուրդի քաղցր խոնջությունն ու զուտ խաղային տոնուսը վերականգնելու համար զբաղված են ընկերական հանդիպումներում հարցեր պարզելով՝ եվրոպական ֆուտբոլային մյուս առաջատար տերություններում վաղուց են անցել գործի ու խաղեր են խաղում, որոնցից մարդուս երակներում լարվածությունից արյունն է համարյա կանգնում: Այս առումով հատկապես ջանադիր են անգլիական առաջնությունում:
ԱՆԳԼԻԱ
22-րդ տուրի հանդիպումներն առաջին եռյակը կազմածներից երկուսի՝ «Լեստերի» ու «Արսենալի» համար ավարտվեցին խաղաղ արդյունքով: «Աղվեսները» 1:1 խաղացին աղյուսակի վտանգավոր գոտում գտնվող «Աստոն Վիլայի» հետ, զինագործները «Ստոկի» հետ մրցակցությունում բավարարվեցին գոլազուրկ ոչ-ոքիով: Այս երկուսի ոչ-ոքին շահավետ եղավ «Կրիստալին» 4:0 հաշվով հաղթած «Մանչեստր Սիթիի» համար, որն արդեն 43 միավոր ունի ու ընդամենը մեկով է զիջում «Արսենալին» ու «Լեստերին»:
Մյուս հանդիպումներից առանձնացնենք ևս երկուսը: Դրամատիկ ընթացք ունեցավ լոնդոնյան «Չելսի»-«Էվերտոն» ֆուտբոլային ակումբների դիմակայությունը: Բավական անդեմ առաջին խաղակեսի ֆոնի վրա կողմերը երկրորդում ցուցադրեցին գոլառատ ֆուտբոլ՝ երեքական անգամ գրավելով մեկմեկու դարպաս: Հատկանշական է, որ հանդիպման առաջին ու վերջին գոլերը «Չելսիի» ավագ Ջոն Տերիի ակտիվում են: Առաջինը՝ ինքնագոլի, երկրորդը սեփական թիմը պարտությունից փրկելու տեսքով: Նկատենք, որ այն խփվել է խաղից դուրս վիճակից, հանդիպման 99-րդ րոպեին: Պակաս դրամատիկ չէր և «Լիվերպուլ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը: Այստեղ հաջողակ եղան հյուրերը` 1:0: Ի դեպ, այս գոլով ՈՒեյն Ռունին դարձավ Անգլիայի առաջնության ռեկորդակիր: Մեկ թիմի կազմում խփած գոլերի թվով՝ 175, ռեկորդակիրը Տիերի Անրին էր («Արսենալ»):
ԻՍՊԱՆԻԱ
Զինեդին Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» տոնեց երկրորդ խոշոր հաշվով հաղթանակը: Մրցակիցը Խիխոնի «Սպորտինգն» էր՝ 5:1: Կրկին գոլերի հեղինակ են դարձել Բենզեման (երկու) ու Բեյլը, նրանց են միացել Ռոնալդուն ու Լոպեսը: Դե ինչ, արքայականն իր նոր գլխավոր մարզչով գերազանց է մեկնարկել, տեսնենք, թե ուժեղագույնների հետ խաղում ոնց կդրսևորի: Մրցաշրջանի առաջին կեսն առաջին տեղում ավարտած «Աթլետիկոն» շարունակում է վստահ մրցելույթները: Նրա վստահությունից այս անգամ տուժողն առաջնության նորեկ «Լաս Պալմասն» էր` 0:3: Ինչ վերաբերում է «Բարսելոն»-«Աթլետիկ» դիմակայությանը, «կապտանռնագույնները» վարձահատույց եղան երկրի սուպերգավաթում կրած պարտության դիմաց՝ վեց անպատասխան գոլով պատվազրկելով մրցակցին: Բարսելոնյան հարձակման գծի հրաշալի եռյակը հեղինակել է հինգ գոլ, որից երեքը՝ Սուարեսը, ով էլ միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Առաջնության առաջատար եռյակն ունի «Աթլետիկո», «Բարսելոն», «Ռեալ» դասավորությունը՝ համապատասխանաբար 47, 45, 43 միավորով: Հիշեցնենք, որ «Բարսելոնը» մեկ խաղ պակաս է անցկացրել:
ԻՏԱԼԻԱ
Չնայած «Սասուոլոյի» հետ ծանր խաղասկզբին (հյուրերն արդեն երկրորդ րոպեին առջևում էին 1:0 հաշվով), «Նապոլին» հանդիպումը հասցրեց հաղթական ավարտի (3:1)՝ պահպանելով լիդերությունը: Հերթական, թվով տասներորդ անընդմեջ հաղթանակը տարավ և երկրի գործող չեմպիոնը: «ՈՒդինեզեի» հետ խաղում «Յուվենտուսն» ավելի քան համոզիչ էր՝ 4:0, ու 42 միավորով վստահ հանգրվանել է երկրորդ հորիզոնականում՝ առաջատարից հետ մնալով ընդամենը երկու միավորով: Փոխարենը սկսել է անվստահ գործել աղյուսակը դեռ երկու տուր առաջ գլխավորող «Ինտերը», որն «Ատալանտայի» հետ խաղում գոնե կարողացավ մեկ միավոր վաստակել՝ 1:1, և այժմ ունի 40 միավոր:
Հաղթելու դեպքում «Ինտերին» շրջանցելու հնարավորություն ուներ «Ֆիորենտինան», սակայն «Միլանը» անզիջող գտնվեց՝ 2:0: Նշենք նաև, որ գնալով առաջատարներից ավելի ու ավելի հետ են մնում գլխավորի պոստում Ռուդի Գարսիային Լուչանո Սպալետիով փոխած իտալական «գայլերը», ովքեր «Վերոնայի» հետ տնային խաղում բավարարվեցին մեկ միավոր վաստակելով՝ 1:1:
ՖՐԱՆՍԻԱ
«Թուլուզի» հետ արտագնայում խփած գոլերի առումով «Պարի Սեն Ժերմենը» բավական համեստ գտնվեց (1:0), սակայն, ինչպես հասկանում եք, հերթական երեք միավորը կրկին վաստակեց: Երկրորդ տեղում ընթացող «Անժը» նախօրեին արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվել էր «Նիցցային» ու վերջինիս համար ապահովել երրորդ հորիզոնականը: Սակայն բրետոնցիների «շռայլությունը» թանկ նստեց իրենց իսկ վրա, քանզի «Մոնակոն» «Լորիանի» հետ արտագնա խաղում կարողացավ վաստակել երեք միավոր (2:0) ու շրջանցեց ոչ միայն «Նիցցային», այլև նույն «Անժին»: «Պարի Սեն Ժերմենը» 57 միավորով առաջատարն է, «Մոնակոյի» ու «Անժի» անունների դիմաց 36 ու 34 միավոր է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ